Էբրահիմ Ռայիսին ընտրվել է Իրանի նախագահ. շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը

161

Իրանում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ հավաքելով ավելի քան 17,8 մլն ձայն: Նախագահի աթոռի համար պայքարում է 6 թեկնածու՝ Էբրահիմ Ռաիսի, Մոհսեն Ռեզայի, Աբդոլնասեր Հեմմաթի, Սաիդ Ջալիլի, Ամիրհոսեյն Ղազիզադե, Ալիռեզա Զաքանի։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ Ռայիսիի պաշտոնավարման առաջիկա տարիները նոր էջ կբացեն Իրանի ժողովրդի և հայ-իրանական բարեկամական հարաբերությունների պատմության մեջ՝ ի նպաստ երկու երկրների զարգացման, առաջընթացի և բարօրության։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձում նշել է, որ Հայաստանն արժևորում է Իրանի հետ առկա բարիդրացիական հարաբերությունների և կառուցողական երկխոսության հետևողական ամրապնդումն ու խորացումը, ինչը երկու պետությունների առաջընթացի ու տարածաշրջանի կայունության ապահովման կարևորագույն պայմաններից է։