ԱՄՆ Պետդեպարտամենտը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Կենտի և «Վրացական երազանք» կուսակցության պատվիրակության ղեկավարի, Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Կախա Կուճավայի հանդիպումից հետո հայտարարություն է տարածել «Ժողովրդավարական զարգացումը Վրաստանում» խորագրով։
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության պաշտոնական կայքէջում նշված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է անվտանգ, հաջողակ և ժողովրդավար Վրաստանին:
Հայտարարությունում մասնավորապես ասովում է. «Մենք ողջունում ենք դատական բարեփոխման չորրորդ ալիքի առաջընթացը և աջակցում կառավարող կուսակցության և ընդդիմության կուսակցությունների ներկայացուցիչների միջև ընթացող երկխոսությանն ընտրական բարեփոխման մասին: Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում կայունացնել ժողովրդավարության սկզբունքների, անհատական ազատության և օրենքի գերակայության նկատմամբ հավատարմությունը՝ քաղաքականապես անաչառ դատարան և դատախազություն ապահովելով: Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի աշխատանքն իր ռազմավարական գործընկերոջ`Վրաստանի հետ»: