Լիբիայում թուրք լրագրողների վրա հարձակում է եղել

760

Լիբիայում նկարահանումներ անող թուրք լրագրողների վրա հարձակում է եղել։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ «Հաբերթյուրք» հեռուստաընկերության լրագրողական խմբին տեղափոխող մեքենայի վրա լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆ Հաֆթարին ենթակա ուժերի կողմից հրթիռ է նետվել։ Լրագրող Մեհմեթ Աքիֆ Էրսոյի ու օպերատոր Հասան Դյոնմեզը վիրավորվել են։

Նշենք, որ 2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան փաստացիորեն դադարել Է գործել որպես միասնական պետություն:

Այժմ երկրում երկիշխանություն Է տիրում: Արևելքում նիստեր Է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում Է ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ կազմված՝ Ազգային հաշտության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են չճանաչված լիբիական ազգային բանակի հրամանատար գեներալ Խալիֆ Հաֆթարի բանակի հետ։

Իսկ օրեր առաջ Խալիֆ Հաֆթարը հայտարարել էր Տրիպոլիի համար «վճռական մարտի» մասին: Հաֆթարի հայտարարությունից հետո բանակը սկսել էր ակտիվորեն հարձակումներ գործել Ֆաիզ Սարաջի գլխավորած Ազգային համաձայնության կառավարությանը հավատարիմ կազմավորումների վրա, հետ էր մղել հակառակորդի դիրքերը երկրի գլխավոր քաղաքի ծայրամասերում և մտել էր Տրիպոլի:

Նոյեմբերի 28-ին Ստամբուլում Թուրքիայի եւ Տրիպոլիի կառավարության միջև ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր, որի առաջին դրույթը վերաբերում է ռազմական համագործակցության ստեղծմանը, իսկ երկրորդը՝ երկրների միջև ծովային գոտիների սահմանազատմանը, ինչը, մասնավորապես, ենթադրում է հետախուզության և Լիբիայի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից օգտակար հանածոների հայթայթման հնարավորություն: Երկրի ներկայացուցիչների պալատը (ընտրված խորհրդարանը) անվանել է այդ պայմանավորվածությունը ոչ լեգիտիմ՝ կոչ անելով ՄԱԿ-ին զրկել Տրիպոլիի կառավարությունը միջազգային մանդատից եւ դիմելով Արաբական պետությունների լիգային անդամ երկրների կոլեկտիվ պաշտպանության մասին պայմանագրի դրույթները կիրառելու մասին պահանջով՝ ի պատասխան ներխուժման սպառնալիքի: