Իրանական մամուլն անդրադարձել է Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին. «Սուլթանության ձևավորում՝ նախագահի համար»

1022

Ադրբեջանի ներքաղաքական գործընթացները և իշխանական վերնախավում տեղի ունեցող վերափոխումները վերջին շրջանում հաճախ են հայտնվում իրանական մամուլի և իրանցի փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում:

Իրանական «Anaj» լրատվական գործակալությունը «Սուլթանության ձևավորում՝ նախագահի համար» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է արվում նախագահի լիազորությունների ավելացման վերաբերյալ Ադրբեջանի սահմանադրության մեջ կատարված փոփոխություններին, ընդդիմադիր մամուլի գործունեության սահմանափակմանը և լրագրողների նկատմամբ իրականացվող հետապնդումներին:

Ըստ իրանական աղբյուրի հրապարակման՝ Ադրբեջանում գնալով աճում է քաղաքական բանտարկյալների և կրոնական գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերի թիվը:

Անդրադառնալով վերջին ամիսներին Ադրբեջանի պետական կառավարման համակարգում տեղի ունեցող փոփոխություններին՝ հոդվածի հեղինակը նշել է, որ այդ երկրում խորհրդարանը և պետական մյուս կառույցները դարձել են Իլհամ Ալիևի կամակատարը՝ ստանալով արարողակարգային լիազորություններ: