Ղարիբաշվիլի. «ԼՂ հարցում Վրաստանի վարած քաղաքականությունն ընդգծում է իր առանձնահատուկ դերը տարածաշրջանում»

185

Հունիսի 25-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում ներկայացրել է տարեկան հաշվետվություն, որի ժամանակ խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցում կառավարության վարած արտաքին քաղաքականության մասին։ «Սա իսկապես աննախադեպ իրադարձություն է, որն ընդգծում է մեր առանձնահատուկ դերը տարածաշրջանում խաղաղության ապահովման հարցում»,-ասել է Վրաստանի վարչապետը։

Ղարիբաշվիլին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմն էական դժվարություններ է առաջացրել ամբողջ տարածաշրջանի համար։ Վրաստանի համար կարևոր է հարևանությամբ խաղաղությունն ու կայունությունը։ Կառավարությունը վարում է հավասարակշռված և միևնույն ժամանակ փոխշահավետ համագործակցային քաղաքականություն։

«Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում երկու երկրների առաջնորդներին՝ նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին։ Հայտնում եմ իմ պատրաստակամությունը, որ կշարունակենք այս գործընթացն ընդհանուր խաղաղության և կայունության հասնելու համար»,-ավելացրել է Ղարիբաշվիլին: