Սիրիան և Ռուսաստանը Միջերկրական ծովում նավթի և բնական գազի որոնման համատեղ աշխատանքներ են սկսել։ Այս մասին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խորհրդական Բուսեյնա Շաբանը։
«Այս մասին առաջին անգամ եմ հայտարարում։ Սիրիան ռուսական ընկերությունների հետ սկսել է Միջերկրական ծովում նավթի և բնական գազի որոնողական աշխատանքները», – նշել է Շաբանը։ Նա հավելել է, որ Սիրիայի իշխանությունները այդ գործընթացի մեկնարկից առաջ մի քանի տարի նախապատրաստական աշխատանքներ են կատարել։
Մյուս կողմից՝ արդեն տևական ժամանակ է, ինչ Թուրքիան ևս բնական պաշարների որոնողական աշխատանքներ է կատարում Միջերկրական ծովում՝ հանդես գալով հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության անունից։ Այդ աշխատանքները Թուրքիայի և Կիպրոսի ու Հունաստանի միջև պարբերաբար սրվող լարվածության պատճառ են դարձել, քանի որ հունական կողմը համոզված է, որ Թուրքիան այդ ջրային տարածքներում նմանատիպ աշխատանքներ կատարելու իրավունքը չունի։