Թուրքիան Լիբիայից և Լեռնային Ղարաբաղից հետո սիրիացի վարձկաններին ուղարկում է Աֆղանստան

1220

Սաուդական «Al Arabiya» կայքը, հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնի  տնօրեն Ռամի Աբդուլռահմանին, գրում է, որ Թուրքիան հազարավոր սիրիացի վարձկանների Լիբիա, այնուհետ Ադրբեջան ուղարկելուց հետո մտադիր է նրանց նոր պայմանագրերով ուղարկել Աֆղանստան:

Այդ նպատակով Թուրքիան բանակցություններ է սկսել Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների մարտիկների հետ՝ նրանց մի մասին Աֆղանստան ուղարկելու համար, որպեսզի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հեռանալուց հետո պաշտպանեն Քաբուլի օդանավակայանը:  

Աբդուլռահմանի տվյալներով՝ ի տարբերություն Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի, այս վարձկաններ աշխատելու են այլ պայմաններով: Նրանց հավաքագրելու են թուրքական անվտանգության ընկերություններում՝ պաշտոնական պայմանագրերով:

Գործընթացը,  ամենայն հավանականությամբ, սկսվելու է սեպտեմբերին, այն պետք է վերահսկվի թուրքական հետախուզության կողմից: Աշխատավարձը տատանվում է 2000-3000 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Սա դեռ նախապատրաստական փուլում է: Ո՛չ Թուրքիայի իշխանությունները, ոչ էլ նրանց կողմից աջակցություն ստացող սիրիական խմբավորումները մեկնաբանություն չեն տվել այս հարցի վերաբերյալ: