Թուրքիան ավարտին է հասցրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման նախապատրաստական աշխատանքները

357

2020թ. դեկտեմբերի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ: Այս նախագիծը նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Իգդիր-Նախիջևան գազատարի Թուրքիայի հատվածի  երկարությունը կկազմի 85կմ և դրա կառուցմամբ ամբողջությամբ կբավարարվի շուրջ կես միլիոն բնակչություն ունեցող Նախիջևանի բնական գազի պահանջարկը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս գազատարի աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2020թ. սեպտեմբերից։ Այժմ թուրքական կողմը նախապատրաստական աշխատաքները ավարտին է հասցրել:

Ավարտելով երթուղու նախագծման հետ կապված բոլոր աշխատանքները՝ Թուրքիան նոր գազատարի համար նախագծված տեխնիկական տվյալների հաստատման համար սպասում է ադրբեջանական կողմի համաձայնությանը: Նշվում է, որ շուտով  ադրբեջանական «SOCAR» պետական նավթագազային ընկերությունը երկրի իշխանություններից համաձայնություն ստանալուց հետո կսկսի գազատարի նախիջևանյան հատվածի կառուցման աշխատանքները: 

Հիշեցնենք, որ նախագիծն իրականացնում են թուրքական BOTAŞ պետական գազային ընկերությունն ու ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը: