Իրանը գործարարներից բաղկացած խումբ կգործուղի Հայաստան՝ տնտեսական գործունեություն սկսելու նպատակով

331

Հուլիսի 11-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Իրանի Կենտրոնական նահանգ: Այցի ընթացքում ՀՀ դեսպանին ընդունեց նահանգապետ Սեյեդ Ալի Աղազադեն, որի հետ քննարկվեցին ՀՀ-ԻԻՀ տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման խնդիրները և այդ համատեքստում կողմերի համապատասխան կառույցների ներուժի առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները:

Կենտրոնական նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում կազմակերպված գործարար համաժողովի ընթացքում դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրեց ՀՀ տնտեսության և գործարար միջավայրի վիճակը, առևտրային և ներդրումային ծրագրերի իրականացման առավել բարենպաստ ուղղությունները և պատասխանեց գործարարների բազմաթիվ հարցերին:

Համաժողովի շրջանակներում պայմանավորվածություն ձեռք բերվեց նահանգի գործարարներից բաղկացած խումբ գործուղել Հայաստան՝ տնտեսական գործունեություն սկսելու հնարավորությունների քննարկման նպատակով:

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը եղավ նահանգի մի շարք ձեռնարկություններում: Դեսպան Թումանյանը Կենտրոնական նահանգ կատարած այցի նպատակների և հայ-իրանական տնտեսական հարաբերությունների մասին հարցազրույց տվեց նահանգային ռադիոհեռուստատեսությանը (IRIB):

Օրվա ավարտին դեսպան Թումանյանն այցելեց Արաքի Սուրբ Մեսրոպ եկեղեցի և հանդիպում ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: