«ՍՈւ 30»-ները և «Օսա ԱԿ» համալիրներն արդեն Հայաստանում են

1070

Ռուսական արտադրության ՍՈւ 30-ներն արդեն Հայաստանում են: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Տարվա մեր գլխավոր ձեռքբերումը. «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռներ»:

Նիկոլ Փաշինյանը գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվությամբ`վարչապետը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս:

Նշվում է, որ քննարկվել են նաև Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նաև տեղեկացրել է հակաօդային պաշտպանության Օսա ԱԿ համալիրների խոշոր խմբաքանակի ձեռքբերման մասին: Նրա խոսքով՝ «Օսա ԱԿ»-ը տեղում մոդեռնիզացվելով ձեռքբերած մյուս զինատեսակների հետ անխոցելի է դարձնում ՀՀ օդային սահմանները:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողներին ասել էր, որ Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Սու-30 ՍՄ կործանիչները կստանա 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին:

Հիշեցնենք որ, պայմանագիրը նախատեսում է նաև օդաչուների նախապատրաստում։ Սու-30ՍՄ ներքին գինը կազմում է մոտ 1,5 մլրդ ռուբլի կամ $22,7 մլն։