Մեծ Ադրբեջան ստեղծելու գաղափարը ընդհանուր սպառնալիք է Իրանի և Հայաստանի համար. Թեհրանի համալսարանի դոկտորի թեկնածու

429

Իրանական Irdiplomacy.ir վերլուծական կայքում հրապարակվել է Թեհրանի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտորի թեկնածու, հայազգի Պատրիկ Սահակյանի հոդվածը, որտեղ հեղինակն անդրադարձել է սեպտեմբերին կայանալիք Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ զորավարժությանը: Հոդվածում Սահակյանն ընդգծել է, որ Թուրքիան տարածաշրջանում պանթյուրքիստական նպատակներ է հետապնդում, և այդ զորավարժությունը Իրանի ու Հայաստանի համար ուժի ցուցադրման ուղերձ է:

Ընդգծվել է, որ, Պակիստանն իր հերթին, ֆինանսական կախվածություն ունի Սաուդյան Արաբիայից և ջանում է ստվերել Իրանի տարածաշրջանային դերակատարումը: Նշվել է, որ Ադրբեջանն ու Իսրայելը շատ լավ հարաբերություններ ունեն՝ այն աստիճան, որ Ղարաբաղի հարավային հատվածների գրավումից հետո Իսրայելն այնտեղ ռազմաբազա է տեղակայել:

Հեղինակը շեշտել է, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը ռազմական համագործակցության ու դաշնակցության ուղղությամբ են շարժվում, իսկ նրանց միավորող գործոնն Իրանն է, որին այդ երկրները որպես սպառնալիք են դիտարկվում:

«Մեծ Ադրբեջան ստեղծելու գաղափարը ընդհանուր սպառնալիք է Իրանի և Հայաստանի համար և կարող է հանգեցնել Իրանի ու Հայաստանի ռազմական դաշինքին»,- համոզմունք է հայտնել Սահակյանը: