Ադրբեջանի կողմից խոչընդոտների ստեղծումը կանխում է դեպի Ռուսաստան Իրանի արտահանումների աճը

1123

Իրանական Fars լրատվական գործակալությունը «Ադրբեջանի կողմից խոչընդոտների ստեղծումը կանխում է դեպի Ռուսաստան Իրանի արտահանումների աճը» վերնագրով նյութ է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարվել Ադրբեջանի տարածքով Իրանից Ռուսաստան բեռնափոխադրումների խնդիրներին:

Հոդվածում նշվել է, որ իրանական օրացույցով 1399թ. (2020 մարտ-2021 մարտ) երկրորդ կեսից սկսած և հատկապես Արցախյան պատերազմից հետո իրանական բեռնատարների տարանցման համար տարբեր պատրվակներով խոչընդոտներ են ստեղծվել: Նշվել է, որ ադրբեջանական կողմը օրական 250 բեռնատարի փոխարեն թույլատրել է 30-ի անցումը, ինչի պատճառով բեռնատարները 8-10 օր անցակետում են մնացել; Ընդգծվել է, որ քանի որ Իրանը Ռուսաստան հիմնականում գյուղմթերք է արտահանում, կուտակումների պատճառով այդ մթերքը փչանում է:

Շեշտադրվել է, որ քանի ռուսական շուկայում Իրանի համար լուրջ մրացակից է Թուրքիան, ապա, ամենայն հավանակությամբ, Ադրբեջանն իրանական բեռնատարների համար այդ խոչընդոտները ստեղծում է Անկարայի հրահրմամբ: Նշվել է, որ իրանական բեռնատարների համար խնդիր է նաև Ադրբեջան մուտք գործելու համար վճարվող գումարը, այն պարագայում, երբ ռուսական բեռնատարներից նման գումար չի գանձնվում: Հոդվածում շեշտադրվել է, որ քանի որ առաջիկա ամիսներին աճելու է Իրանից Ռուսաստան արտահանումը, ապա պետք է ադրբեջանական կողմի հետ բանակցելով՝ վերացնել առկա խոչընդոտները:

Ընդգծվել է, որ Աստարայից բացի պետք է փոխադրումներ իրականացվեն նաև այլ ճանապարհներով, այդ թվում՝ Բիլեսուվարի անցակետով, Կասպից ծովով:

Նկատենք, որ նախորդ տարվանից իրանական մամուլը բարձրաձայնում է Ադրբեջանի հետ Աստարայի սահմանին բեռնատարների հերթերի գոյացման խնդրի մասին: Իրանական ԶԼՄ-ների հրապարակումներում նաև ընդգծվել է, որ խնդիրն Ադրբեջանի կողմից արհեստականորեն է ստեղծվում: Հարցը քննարկվել է նաև 2021թ. հունվարին Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ: Որոշում էր կայացվել, որ ադրբեջանական կողմն ավելի շատ բեռնատարներ է ընդունելու և բեռնաթափում չի իրականացվելու: Որոշման իրագործումից հետո, սակայն, մամուլում նորից հրապարակվեցին իրանական բեռնատարների հերթը պատկերող կադրեր: