Ադրբեջանի իշխանություններն իսրայելական լրտեսական ծրագրի միջոցով գաղտնալսել են մի շարք լրագրողների և ընդդիմադիր ակտիվիստների

187

Ֆրանսիական «Forbidden stories» ՀԿ-ն և տարբեր երկրներից 17 ԶԼՄ-ներ հայտնել են, որ մի շարք երկրներում Իսրայելի կիբերհետախուզական սարքեր արտադրող «NSO Group» ընկերության կողմից գործարկված «Pegasus» լրտեսական ծրագրի միջոցով գաղտնալսվել են մի շարք քաղաքական գործիչներ, լրագրողներ և ակտիվիստներ։

Իրավապաշտպաններին ու լրագրողներին հաջողվել է ձեռք բերել գաղտնալսված բջջային հեռախոսների ցուցակը, որում առկա է 50 հազար համար: Գաղտնալսումն իրականացվել է 2016 թվականից։ Գաղտնալսվողների թվում կան արաբական թագավորական ընտանիքի անդամներ, 65 գործարարներ, 85 իրավապաշտպաններ, 189 լրագրողներ և ավելի քան 600 քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ:

Amnesty İnternational կազմակերպության զեկույցի համաձայն՝ «NSO Group»-ի հավանական հաճախորդներից են Ադրբեջանը, Բահրեյնը, Հունգարիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ղազախստանը, Մեքսիկան, Մարոկկոն, Ռուանդան, Սաուդյան Արաբիան, Տոգոն և ԱՄԷ-ն: Ադրբեջանում Pegasus-ի միջոցով գաղտնալսվող 245 համարներից 50-ը պատկանում են լրագրողներին, խմբագիրներին և լրատվամիջոցների սեփականատերերին: Նրանցից 5-ը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության նակխկին և ներիկա աշխատողներն են, 5-ը՝ MeydanTV-ի հետ համագործակցող լրագրողներ, իսկ 9-ը՝ «Azadlıq» թերթի լրագրողներ։

Ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսվող անձանց մեջ կան նաև նախկին ընդդիմադիր լրագրողներ, որոնք, սակայն, այժմ աշխատում են իշխանությունների հետ։ Գաղտնալսվողների ցուցակում են նաև Turan լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը, haqqin.az կայքի գլխավոր խմբագիր Էյնուլա ֆեթուլաևը, APA գործակալության ղեկավար Վյուսալե Մահիրգըզը և այլք։

Ադրբեջանում գաղտնալսվել են նաև շուրջ 40 ընդդիմադիր ակտիվիստներ և նրանց ընտանիքների անդամներ։