Հայ զինվորականները չեն մասնակցի ՆԱՏՕ–ի զորավարժություններին, Ադրբեջանը մասնակցելու է

106

Հայ զինծառայողները չեն մեկնի Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Տասներորդ «Agile Spirit 2021» բազմազգ զորավարժությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու տակ կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը:

Հիշեցնենք` նախկինում Հայաստանը բազմաթիվ անգամ է մասնակցել Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի անցկացրած ռազմական վարժանքներին։ Սակայն վերջին տարիներին այդ պրակտիկան փաստացի չի գործում։

ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունն այսօր հայտնել էր, որ բացի Վրաստանից ու Միացյալ Նահանգներից, զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 13 երկրների ու դաշինքի գործընկեր պետությունների զինծառայողներ։ Դրանց թվում են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և այլն։