Ադրբեջանը ձգտում է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը արցախյան հակամարտության գոտում

1631

Արցախյան 44-օրյա պատերազմի հետ կապված գործընթացներում Ռուսաստանի կողմից գործադրված զգալի ջանքերի արդյունքում հակամարտային գոտում արձանագրված ձեռքբերումներից են՝

1. Քաղաքական հարթությունում՝ հրադադարի վերաբերյալ եռակողմ համաձայանգրում, ինչպես նաև հետպատերազմյան ժամանակահատվածում ծավալվող գործընթացներում առանցքային միջնորդի «մենաշնորհային» դերակատարումը՝ ձևավորված նոր ստատուս-քվոյի պայմաններում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ֆորմատից դուրս. այդկերպ առավելություն է արձանագրվում նշված ձևաչափին ներգրավված աշխարհաքաղաքական մրցակիցների՝ ԱՄՆի և Ֆրանսիայի հանդեպ։

2. Ռազմական, մարդասիրական հարթությունում՝ ՌԴ հումանիտար և խաղաղապահ առաքելության տեղակայումն Արցախի հայկական վերահսկողության ներքո գտնվող հատվածում՝ կողմերի՝ 5 տարի պարբերականությամբ վերանայվող իրավական արտոնման հիմքով։

Վերոնշյալի պայմաններում, կասկածից վեր է, որ Մոսկվան ձգտելու է առվելագույնս պահպանել և խորացնել արձանագրած հաջողությունները վերոնշյալ երկու հարթություններում էլ՝ հատկապես ռազմականում՝ ձգտելով հնարավորինս երկարաժամկետ ներկայության։

Հաշվի առնելով Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների իրողությունը՝ արցախյան հակամարտության շրջանակներում օբյեկտիվորեն ստեղծված իրավիճակում ՌԴ նման ներգրավվածությունը հիմնականում բխում է ՀՀ շահերից։

Մինչդեռ իրավիճակը տրամագծորեն հակառակն է Ադրբեջանի պարագայում, որը ձգտում է՝

1. Քաղաքական հարթությունում՝ Ռուսաստանին զուգահեռ՝ հետպատերազմյան գործընթացների քաղաքական և ռազմական ձևաչափերում ամեն կերպ ներգրավել Թուրքիային՝ որպես նոր ստատուս-քվոյի պայմաններում ձևավորված իրողությունում՝ չորրորդ կողմ։

2. Ռազմական, մարդասիրական հարթությունում՝ առայժմ քարոզչական ահռելի արշավի միջոցով և՛ արցախյան, և՛ ադրբեջանական հանրությունների շրջանում վեր հանել մտացածին դժգոհություններ ռուս խաղաղպահների վարքի, նրանց «անարդյունավետ, աչառու, ապիկար» գործունեության հետ կապված։ Նման գործելաոճի նպատակն է, արդեն իսկ կասկածի տակ դնելով, հնարավորինս հիմքեր ստեղծել՝ 4 տարի հետո քննարկման թեմա դարձնելու համար ռուս խաղաղապահների հետագա ծառայության հարցը։

Վերոնշյալ իրողությունները չափազանց կարևոր հիիմքեր են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հիմքով համընդհանուր մարտավարության քննարկման և համաթյուրքական հնարավոր մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու տեսանկյունից։

Արմեն Պետրոսյան