Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում. Նիկոլ Փաշինյան

231

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին:

«Ցավոք, մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված, Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով այն առանցքային դերը, որ կատարում է Ռուսաստանը տարածաշրջանում կայունությունն և անվտանգությունը ապահովելու գործում։

«Հայաստանի ու Ռուսաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: Միևնույն ժամանակ, շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11–ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես, տարածարջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով», – ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ Հայաստանը շատ կարևոր և առաջնային է համարում կոմունիկացիաների բացումը ու պատրաստ է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ:

«Ակնկալում ենք, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը: Հայաստանը վերահաստատում է Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման ռուս սահմանապահների կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ: Հայաստանի կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և, ընդհանրապես, տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հայ ժողովրդից ստացած մանդատը», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ  Հայաստանը պատրաստ է խաղաղ բանակցային գործընթացին: