Վրաստանում հուսով են, որ մոտ ժամանակներս կվերսկսեն ուղիղ թռիչքները դեպի Ռուսաստան

224

ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կսկսվեն 2019 թվականից ընդհատված Ռուսաստան-Վրաստան ուղիղ չվերթների վերականգնման վերաբերյալ քննարկումները:

«Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս կվերադառնանք երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը վերսկսելու հարցի կոնկրետ քննարկմանը»,-«ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է Աբաշիձեն՝ նշելով, որ սեպտեմբերին մտադիր է օnլայն հանդիպում ունենալ ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ:

Իր հերթին ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը կարող է վերսկսվել սանիտարահամաճարակային իրավիճակի կայունացումից հետո:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագայի հրամանով՝ 2019թ. հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերությունները ժամանակավոր դադարեցրել էին թռիչքները դեպի Վրաստան: Ռուսաստանի իշխանությունները նման քայլ էին գնացել այն բանից հետո, երբ 2019թ. հունիսի 20-ին Թբիլիսիում՝ խորհրդարանի դիմաց, հակառուսական ցույց էր տեղի ունեցել: Զանգվածային ցույցի պատճառը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի մասնակցությունն էր:

2012թ.ից Պրահայում տեղի են ունենում Աբաշիձե-Կարասին հանդիպումները: Երկար ժամանակ բանակցային այս ձևաչափը մնում է միակ ուղղակի երկխոսությունը Մոսկվայի և Թբիլիսիի միջև: