Թուրքիայի «խաղաղասիրության» հետևանքները

714

«Խաղաղություն» և «կայունության», սրանք այն բառերն են, որ վերջին մի քանի տարիներին ամենաշատը հնչում են Թուրքիայի առանցքային պաշտոնյաների շուրթերից: Բնութագրական են Անթալիայում Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմումից հետո Մևլութ Չավուշօղլուի հնչեցրած «անկեղծ» խոսքերն այն մասին, որ իրենց նպատակն է մնայուն կայունություն և խաղաղություն հաստատել Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում:

Վերոնշյալ խոսքերն այնքան տարօրինակ, դժվար ընկալելի և անգամ զավեշտալի չէին թվա, եթե այդ տարածաշրջաններում խաղաղությունը հիմնական խախտողը, ապակայունության հիմնական աղբյուրը, անկայունություն և պատերազմ հրահրողը հենց Թուրքիան չլիներ:

«Մի գիշեր անսպասելի կգանք» սպառնալիքներով, «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողություններով և խաղաղարարի դիմակը դրած Թուրքիան ներխուժել է Սիրիա, ապա խաղաղության հաստատմանը նպաստելու, միջազգայնորեն ճանաչված իշխանություններին պաշտպանելու կարգախոսներով ներգրավվել Լիբիայում հակամարտության մեջ՝ ահաբեկչական տարրերին տեղափոխելով Տրիպոլի:

Այս տարածաշրջաններում  Թուրքիան «ճնշվածներին տեր կանգնելու», խաղաղության ու արդարության մասին հռետորաբանությունը և պատերազմը որպես գործիքակազմ կիրառում է սեփական նկրտումներն իրականացնելու համար:

Այս մարտավարությունը Թուրքիան գործադրում է փուլ առ փուլ. նախ խաղաղության ու արդարության մասին լոզունգներով Թուրքիան անկայունություն է հրահրում որևէ տարածաշրջանում, ապա ամրապնդվում այնտեղ, իսկ հաջորդ փուլով սկսում է պարտադրել սեփական օրակարգը:

Նույն մարտավարությամբ Թուրքիան ներգրավվեց արցախյան 44-օրյա պատերազմում, իսկ հիմա ջանում է առաջ տանել խաղաղության մասին իր երկակի և աղճատված օրակարգերը։

Այս գործելաոճի առավել ցայտուն դրսևորումներն ի ցույց դրվեցին Թուրքիայի  նախագահ Ռ.Թ. Էրդողանի Շուշի այցի ընթացքում արած հայտարարություններում ու այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» տեքստում: Էրդողանը մի կողմից հայտարարում է, թե ցանկանում են տարածաշրջանային երկերների հետ համագործակցային պլատֆորմ ստեղծել, ինչը ենթադրում է նաև Հայաստանի մասնակցությունը, մինևնույն ժամանակ պայման է առաջ քաշում՝ նշելով, որ «գործընթացը ավելի առողջ և արդյունավետ կընթանա, եթե  Հայաստանի-Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի պայմանագիրը պսակվի համապարփակ և տեսլական ունեցող հաշտության պայմանագրով»: 

Մի կողմից ընդգծում է, որ պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և Հայաստանին հորդորում են «սեղմել բարեկամության ձեռքը», մյուս կողմից հռչակագրում խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի վերաբերյալ թուրքական պատրանքները հեռու են բարեկամական լինելուց:

Թերևս թուրքական խաղաղասիրությունն իր ամբողջ գունապնակով արտահայտող լավագույն դրվագը հայ գերիների վերաբերյալ Էրդողանի տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հայտնի ակնարկն էր Իլհամ Ալիևի հետ մտերմիկ զրույցում: Տիկին Էրդողանը Ալիևից հարցնում է. -Էլի գերիներ ունե՞ք,- դրական պատասխան ստանալով՝ առաջակում է,- դե մաս-մաս տվեք: Փաստացի Թուրքիայի առաջին տիկինը Ալիևին առաջարկում է գերիներով քաղաքական առևտուր անել, ի ցույց դնելով մարդասիրության իր պատկերացումները, որոնք նույնքան աղճատված են, որքան այդ պահին իրեն ուղեկցող քաղաքական գործիչներինը:

Այս խաղաղություն և պատերազմ հակասությունը համադրելու ու հավասարկշռելու թուրքական փորձի գործադրման հաջորդ կանգառը կարծես թե արդեն ընտրվել է: Թուրքիան հայացքն ուղղել է դեպի Կենտորնական Ասիա` Աֆղանստան, որտեղ նոր իրավիճակ է ստեղծվել Թալիբան շարժման առաջխաղացմամբ և ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի զորքերի դուրսբերմամբ պայմանավորված:

Հաշվի առնելով Թուրքիայի դերակատարման քայքայիչ փորձն այլ տարածաշրջաններում՝ Աֆղանստանում ևս լարվածության խորացումը, ապակայունացման նոր փուլը, որը կարող է ցնցումներ առաջացնել Իրանի սահմանից մինչև Չինաստան, ամենևին էլ անհավանական չի թվում:

Անահիտ Վեզիրյան