«Վրացական երազանք»-ը դուրս է եկել Շառլ Միշելի համաձայնագրից

329

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական երազանք» կուսակցությունը հայտնել է ընդդիմության հետ ապրիլի 19-ին Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ստորագրված համաձայնագրից դուրս գալու մասին:

«Այսօր՝ 100 օրը լրանալուց հետո, ակնհայտ է, որ համաձայնագիրը կատարել է իր առաքելությունը և սպառել է իրեն: Չնայած որ ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը մինչ այժմ չի ստորագրել համաձայնագիրը, մենք տեսնում ենք, որ միջազգային գործընկերները անհրաժեշտ չեն գտնում, որ ծայրահեղ ընդդիմությունն այն ստորագրի, և խիստ պահանջ ներկայացնի»,-ասել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով, համաձայնագրի հիմնական պահանջները, մասնավորապես բանտից ընդդիմադիրների ազատ արձակումը, իրականացվել են, երկրում սկսվել են զանգվածային բարեփոխումներ: Իսկ ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու պայմանին՝ համաձայն որի, եթե իշխող կուսակցությունը տեղական ընտրություններին չհավաքի 43%, Կոբախիձեն նշել է, որ «Վրացական երազանքը» պատրաստ է արտահերթ ընտրություններ նշանակել, եթե նույնիսկ չհավաքի 53% ձայն: Ըստ նրա՝ դա տեղի կունենա, եթե «ընդդիմադիր կուսակցությունները ցույց տան, որ քաղաքական համակարգը հարմարեցված է արդյունավետ կոալիցիոն կառավարությանը, և պետության այդպիսի կառավարումը չի վնասի վերջինիս շահերին»: