Հայաստանը չի քննարկել, չի քննարկում ու չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց. Փաշինյան

113

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանագծում իրավիճակին և նշեց, որ իրադրությունը չի կայունանում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների գործադրումը, միևնույն ժամանակ, անպատասխան թողնելով իրադրության քաղաքական ու երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները:

«Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ վարկաբեկելով նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները։ Ադրբեջանը հետևողական գործողություններ է ձեռնարկում նաև վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման։ Ադրբեջանը շարունակում է մատնանշել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ ու ուղղություններ. բազմիցս ասել եմ՝ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում ու չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային ու տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն։

«Ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա ու Իրան, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։ Այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ որպես օրինակ բերելով ԱՊՀ տարածքում գործող սահմանային անցման կետերը: