Մակրոնը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումը

390

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել երկրում ժողովրդավարական գործընթացների անխափան իրականացումը:

«Ֆրանսիայի նախագահը հայտնել է Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին: Վարչապետ Փաշինյանը նախագահ Մակրոնին իր երախտագիտությունն է հայտնել այս առթիվ»,–ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի կողմից սահմանային վերջին սադրանքների, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանց նպատակն է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Նա նաև անթույլատրելի է համարել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում տեղի ունեցող շինծու դատավարությունները:

Նախագահ Մակրոնը հույժ կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը: Համաձայնելով այս մտքին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատում ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որևէ կերպ խաչաձևվող գործընթացներ չեն: Նա կրկնել է սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու, կամ նման որոշման անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական առաքելության տեղակայման առաջարկությունը: