Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում ԱՄՆ բազաների ուղղությամբ

805

Իրանը Իրաքում ԱՄՆ զինծառայողների տեղակայման բազաների ուղղությամբ 15 բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից 11-ը դիպել են թիրախներին: Այս մասին հայտնում է բրիտանական «Reuters» գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը:

Նշվում է, որ գրոհը տեղի է ունեցել երկու փուլով՝ մեկ ժամվա տարբերությամբ: Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու գործողության մեկնարկի մասին:

«Երկիր-երկիր» դասի հրթիռներն Իրանից արձակվել են Իրաքի արևմուտքում գտնվող Էյն-ալ-Ասադ  բազայի և Էրբիլում գտնվող բազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ զինված ուժերի ռազմական կոնտինգենտը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հայտարարությամբ հանդես գալ: «Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանի տարածքից՝ Իրաքում երկու ռազմական բազաների ուղղությամբ: Հիմա ճշտվում  է՝ արդյոք կան տուժածներ և վնասի չափը, բայց ամեն ինչ լավ է: Ես հանդես կգամ հայտարարությամբ»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը: