Հայաստանի ԱԳՆ. «Ադրբեջանի պնդումները բացահայտ կեղծիք են»

323

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բացահայտ կեղծիք է որակել ադրբեջանական կողմի այն պնդումները, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է հայկական զորամիավորումների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից: Այս մասին նշված է արտաքին գործերի նախարարությունը տարածած հայտարարության մեջ՝ ի պատասխան վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի՝ ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այնպես էլ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ ակտիվացրած սադրիչ գործողությունների: Նշելով, որ թիրախավորվել են նաև Հայաստանի և Արցախի բնակավայրերը՝ ԱԳՆ-ն շեշտել է. «Ադրբեջանական կողմն իր ագրեսիվ գործողությունները փորձում է քողարկել մի կողմից հայկական կողմին մեղադրելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումների մեջ, իսկ մյուս կողմից բացահայտ կերպով խեղաթյուրում է հենց նույն նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Հարկ ենք համարում նշել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը հստակ սահմանում է. «…կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Մինչդեռ ադրբեջանական զորամիավորումները հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։ Ներկայումս ադրբեջանական կողմը նույնպես փորձում է նոր դիրքեր զբաղեցնել շփման գծի տարբեր հատվածներում՝ տարբեր զինատեսակներով այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով հայ դիրքապահներին»։

Մատնանշելով, որ նմանօրինակ վերջին միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին Մխիթարաշեն և Շոշ գյուղերի մերձակայքում՝ ԱԳՆ-ն շեշտում է. «Ադրբեջանական կողմի այն պնդումները, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է հայկական զորամիավորումների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից բացահայտ կեղծիք են։

Ստեղծված իրավիճակում Արցախի Պաշտպանության բանակը, որը ձևավորվել է Արցախի ժողովրդի կողմից 90-ականներին և վերջին 30 տարիներին անվտանգության առանցքային գործոն է հանդիսացել, այսօր էլ ՌԴ խաղաղապահների հետ ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը և կյանքի իրավունքը: Առանց Պաշտպանության բանակի Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել իր պատմական հայրենիքում եւ Պաշտպանության բանակը Արցախից դուրս բերելու սցենարը Արցախը հայաթափելու սցենար է»:

Հայաստանի արտգործնախարարությունն, ընդգծելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հայկական զորամիավորումների դուրսբերումը նախատեսված է միայն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, հավելել է, որ հայկական կողմն ամբողջովին կատարել է հայտարարության այս կետերը՝ մինչդեռ Ադրբեջանը սրան արձագանքել է այդ նույն տարածքներից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և այնտեղ ապօրինի տեղակայմամբ։

«Մայիսի 12-ից սկսված Հայաստանի Հանրապետության դեմ այս ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի և լրջորեն վտանգել են տարածաշրջանային անվտանգությունը։

Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացումը և արձանագրված խախտումների հետևանքների վերացումը այդ թվում՝ հրադադարի անվերապահ պահպանումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը կարող են նախադրյալներ ստեղծել  տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման համար»,-նշված է ԱԳՆ-ի հայտարարության  մեջ։