Թուրքիայում սահմանափակումներ կմտցվեն Covid-19-ի դեմ չպատվաստվածների համար

421

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արագացնելու համար Թուրքիայում քաղաքացիների համար որոշ սահմանափակումներ կմտցվեն: Այս մասին հայտնի է դարձել օգոստոսի 19-ին կառավարության նիստից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է օրակարգային մի շարք հարցերում ընդունված որոշումները:

Թուրքիայի նախագահը նշել է, որ  սեպտեմբերի 6-ից բացվում է ուսումնական տարին և դասապրոցեսն իրականացվելու դպրոցներում, հետևաբար չպատվաստված ուսուցիչները և դասախոսները, ինչպես նաև ուսհաստատություններում սպասակողները պետք է 2 շաբաթը մեկ ՊՇՌ թեստ ներկայացնեն:

Վարակված չլինելու մասին վկայող թեստեր պարբերաբար պահանջելու են նաև չպատվաստված ուսանողներից:

ՊՇՌ թեստերը պարտադիր են դառնալու թատրոն,  համերգ, կինոթատրոն և նմանատիպ այլ վայրեր այցելուների համար: Նույն պարտադրանքը գործելու է նաև Թուրքիայի ներսում ուղևորափոխադրումների ժամանակ:

Նշենք, որ Թուրքիայի առողջապահության նախարարության ներկայացրած տվյալներով օգոստոսի 20-ի դրությամբ 87 մլն 533 հազար պատվաստում է արվել: 34 մլն 618 հազար քաղաքացի ստացել է պատվաստման 2 չափաբաժին, 45 մլն 461 հազարը՝ առաջին չափաբաժինը: