Ստամբուլում կայացել է Վրաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը

292

IDEF 2021 պաշտպանական արդյունաբերության 15 -րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Թուրքիա մեկնած Վրաստանի պաշտպանության  նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ:

«Հանդիպման ժամանակ Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարարին` Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ՆԱՏՕ-ին անդամակցությանը ցուցաբերած անմնացորդ աջակցության համար և ընդգծել է Թուրքիայի տասնամյակների գործնական օգնության կարևորությունը Վրաստանի պաշտպանական ուժերի զարգացման գործում», — հայտնում են Վրաստանի ՊՆ-ում:


Կողմերը քննարկել են նաև երկկողմ և եռակողմ (Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա) ձևաչափերով համագործակցության ոլորտները:

Քննարկվել է նաև միջազգային վարժանքների կարևորությունը, միջազգային առաքելություններին համատեղ արդյունավետ մասնակցության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցերը:

Բացի այդ Պաշտպանական արդյունաբերության ու արտադրանքի IDEF-2021 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Վրաստանի ՊՆ նախարարը հանդիպել է պաշտպանության ոլորտում թուրքական արդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ:

ՊՆ-ից հայտնում են, որ կողմերը քննարկել են Վրաստանի ՊՆ պետական ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի հիման վրա համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցը: