Թուրքիայում Ամասիայի թանգարանը թաքցնում է ցուցանմուշների հայկական ծագումը (լուսանկարներ)

380

Թուրքիայի Ամասիայի թանգարանում հայկական մշակութային ժառանգության նմուշները ցուցադրվում են, բայց դրանց ծագումը լռության է մատնվում, գրում է Ermenihaber-ը։ Այս մասին «Twitter»-ի թուրքական տիրույթում ահազանգում է օգտատերերից մեկը՝ նշելով, որ հայկական ժառանգությունը ընդգրկվել է Բյուզանդիայի պատմության ցուցասրահում ու դրանց հայկական ծագման մասին ոչ մի խոսք չկա։ Անգամ բաց վիճակում ցուցադրվող հնագույն հայերեն Աստվածաշունչ գրքերի համար որևէ տեղ նշված չէ, որ հայերեն են։

«Ամասիայի թանգարանի «Արևելյան Հռոմեական / Բյուզանդական կայսրություն» բաժինը լի է սխալներով։ Անփորձությունն, անտեղյակությունն, անտարբերությունն ու գիտակցաբար տեղեկությունները կոծկոլու միտումը խառնվել են իրար։ Ահա այս երկրում անցյալի հանդեպ անվերջ վախի ևս մեկ օրինակ․ Մարիամ Աստվածածնի այս արձանը, ըստ պնդման, պատկանում է Արևելյան Հռոմեական կայսրության ժամանակներին։

Արևելյան Հռոմեական կայսրության անվան տակ ներկայացվում են Ամասիայից ու շրջակա տարածքներից բերված և 19-րդ դարին պատկանող արձաններ, սրբապատկերներ, Աստվածաշունչ մատյաններ։ Բայց ոչ մի բացատրություն չկա այն մասին, թե դրանք որտեղից ու ինչ ճանապարհներով են այդտեղ հասել, իսկ եթե կա, շատ թերի, կցկտուր է։ Աստվածաշունչները հայերեն են, բայց հայերեն լինելու վերաբերյալ այցելուներին ոչ մի տեղեկություն չի տրվում», — գրել է Բաշաք անունով օգտատերը։

Նա նաև տարակուսանք է հայտնել թանգարանի մյուս բաժիններում ներկայացվող տեղեկությունների իսկության վերաբերյալ․ «Եթե ինձ ծանոթ թեմաներում վիճակն այսպիսին է, ինչպիսի՞ սխալներ կարող են լինել այն բաժիններում, որոնց վերաբերյալ գիտելիքներ չունեմ։ Ինչպե՞ս կարող եմ հավատալ այստեղ իմ կարդացած բացատրություններին։ Արդյոք այս թանգարանը որևէ ճիշտ տեղեկություն ներկայացնո՞ւմ է», — նկատել է նա։