Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմը զոհեր չունի ու տեղեկացրել Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին

758

Իրանի կողմից հունվարի 8-ին Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելու հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ Այս մասին Սպիտակ տանը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

«Քանի դեռ ես ԱՄՆ նախագահ եմ, Իրանին երբեք չի թույլատրվի ունենալ միջուկային զենք»,- հենց այս խոսքերով է Թրամփը սկսել իր ուղերձը։
ԱՄՆ նախագահը, հերքելով ամերիկյան կողմից որևէ զոհի առկայության փաստը, նշել է. «Մենք որևէ կորուստ չունենք։ Մեր բոլոր զինվորներն ապահով են, մեր ռազմաբազաները նվազագույն վնասներ են կրել»։ Թրամփը նշել է, որ «Իրանը կարծես թե նահանջում է»։

Միաժամանակ նա հայտնել է, որ ԱՄՆ-ն նոր, ավելի խիստ տնտեսական պատժամիջոցներ է կիրառելու Իրանի նկատմամբ։

ԱՄՆ նախագահը կոչ է արել դաշնակիցներին հրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնագրից և աշխատել Իրանի հետ նոր համաձայնագրի վրա, որը «աշխարհն ավելի ապահով կդարձնի»։

Ուղերձի վերջում ԱՄՆ նախագահը դիմել է Իրանի ժողովրդին և առաջնորդներին՝ ասելով. «Մենք ցանկանում ենք, որ դուք մեծ ապագա ունենաք, այնպիսի ապագա, որին արժանի եք՝ ներդաշնակ լինելով աշխարհի ազգերի հետ։ ԱՄՆ-ն պատրաստ է գրկաբաց ընդունել խաղաղությունը բոլոր նրանց հետ, ովքեր փնտրում են այն»։