Քաբուլում վեցերորդ պայթյունն է գրանցվել. Պենտագոնը հաստատում է ամերիկացի 12 զինծառայողների մահվան լուրը

566

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մեկ օրվա մեջ գրանցվել է վեցերորդ ահաբեկչական պայթյունը։ Այդ մասին հայտնել են տեղի լրատվամիջոցները։  Այն գրանցվել է մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մահապարտ ահաբեկիչները Քաբուլի միջազգային օդանավակայանի անցակետի և Barron հյուրանոցից ոչ շատ հեռու իրենց պայթեցրել էին, որի արդյունքում զոհերի թիվը հասել է առնվազն 60-ի, իսկ վիրավորների թիվը՝ 140-ի։ Ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։ 

Պենտագոնը պաշտոնապես հաստատել է ամերիկացի 12 զինծառայողների մահվան լուրը, ևս 15-ը՝ վիրավորվել են։ Զոհվածներից 11-ը եղել են ԱՄՆ ծովային հետևակի զինծառայողներ, իսկ 1-ը՝ ռազմական բժիշկ։ 

Առաջին պայթյունը գրանցվել էր օդանավակայանի անցակետի մոտ, իսկ երկրորդը՝ Barron հյուրանոցի մոտ, որտեղից ամերիկացի զինծառայողները մարդկանց տեղափոխում էին օդանավակայան։ Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, հղում անելով ամերիկացի զինծառայողներին և տեղական աղբյուրներին, առաջին պայթյունը կազմակերպել է մահապարտ ահաբեկիչը, որը մտել էր հոծ բազմության մեջ։ Ականատեսների խոսքերով՝ պայթյունից հետո մահապարտի հանցակիցը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ։ 

Առաջին պայթյունից անմիջապես հետո «Թալիբան» արմատական շարժումը հայտարարել էր իր 13 զոհերի մասին, սակայն BBC-ի աֆղանական ծառայության թղթակիցը փոխանցել էր, որ իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։ TOLO News գործակալությունն էլ, հղում անելով թալիբների ներկայացուցիչ Զահիբուլա Մուջահիդին, նշել էր, որ առաջին պայթյունից հետո զոհվել է առնվազն 52 մարդ։ 

Երրորդ պայթյունի մասին հայտնել էր թուրքական TRT հեռուստաընկերությունը։ Al Arabiya հեռուստաընկերությունն էլ հայտնել էր, որ ևս երկու պայթյուն գրանցվել է Աֆղանստանի մայրաքաղաքի արվարձաններից մեկում։ Հստակ տեղանքի, ինչպես նաև զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկատվություն դեռևս չկա։

Արևմտյան երկրները, որոնք զբաղված են իրենց քաղաքացիների և նրանց հետ աշխատած աֆղանների տարհանմամբ, օգոստոսի 26-ի ողջ օրը նախազգուշացնում էին ահաբեկչության վտանգի մասին և խորհուրդ տալիս մարդկանց չժամանել օդանավակայան։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը նշել է, որ չնայած ահաբեկչություններին, դաշնակիցները պետք է շարունակեն տարհանել և Աֆղանստանից դուրս բերել որքան հնարավոր է շատ մարդկանց, որոնց կյանքին վտանգ է սպառնում Աֆղանստանում թալիբների կառավարման ժամանակ։

Արմեն Միրզոյան