Աշխարհի ուշադրությունը դեռ տևական ժամանակ սևեռված կմնա Աֆղանստանի վրա։ Հայաստանը ևս չի կարող անտարբեր մնալ

102

Համաշխարհային մեդիայում այսօրվա ընթացքում ամենատարածված լուսանկարում վերջին ամերիկացի զինվորականի՝ Քաբուլի օդանավակայանից ԱՄՆ քաղաքացիների էվակուացիայի գործողության պատասխանատու գեներալ-լեյտենանտ Քրիստոֆեր Դոնահյուի՝ ամերիկյան ՌՕՈւ-ին պատկանող C-17 ինքնաթիռը բարձրանալու պահն է՝ լքելու Աֆղանստանի տարածքը։

Տալիբանի զինյալներն այս իրադարձությանն արձագանքում են հաղթանակ արձանագրող զանգվածային կրակահերթերով, հրավառությամբ։ Սրանով, ըստ էության, ավարտվում է ԱՄՆ-ի և դաշնակիցների շուրջ 20-ամյա առաքելությունն Աֆղանստանում։ Սեպտեմբերի 1-ը կարևորագույն ամսաթիվ է ինչպես Աֆղանստանի, այնպես էլ նրան հարող երկրների ու տարածաշրջանների համար։

Հարցերի հարցն այն չէ, որ 2 տասնամյակ առաջ միջազգային ջանքերի արդյունքում իշխանությունից հեռացված իսլամական արմատական խմբավորումը, որը ՄԱԿ ԱԽ-ի կողմից 2003թ. ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, կրկին զավթում է իշխանությունն Աֆղանստանում՝ «փախուստի մատնելով» օտարերկրյա զավթիչներին։ Այլ այն, թե արդյո՞ք կկարողանա Տալիբանն ամբողջական իշխանություն հաստատել, խաղաղություն ու կայունություն ապահովել «Աստծո կողմից լքված» այս երկրում, թե այն կվերածվի համաշխարհային ահաբեկչական սպառնալիքի օրորոցի, թմրանյութերի արտահանման առաջնային աղբյուրի։

Աշխարհի ուշադրությունը դեռ տևական ժամանակ սևեռված է մնալու Աֆղանստանի, այդ երկրում ու նրա շուրջ ծավալվելիք ուժային դիրքավորումների տարաբնույթ տեղաշարժերի վրա։ Այս ուղղությանն կանդետ կերպով հետևելու անհրաժեշտություն կա նաև Հայաստանում, քանի որ

1. Կարծես, հաստատվել է պայմանավորվածությունը՝ Աֆղանստանում է մնալու Թուրքիան՝ Կատարի հետ համագործակցությամբ։ Վստահաբար, Անկարան ժամանակի ընթացքում աֆղանական արկածախնդրությանն է ներքաշելու նաև Ադրբեջանն ու Պակիստանը։

2. Աֆղանստանյան գործընթացները կարող են ազդել Հայաստանի դաշնակից Ռուսաստանի և ՀԱՊԿ կենսական շահերի գոտի հանդիսացող տարածաշրջանների վրա՝ որևէ ձևաչափով ուղղակիորեն դրանցում ներգրավելու անխուսափելի անհրաժեշտություն առաջացնելով նաև Հայաստանի համար։

3. Աֆղանական գործընթացները կենսական կարևորություն ունեն Հայաստանի հարավային հարևան, բարեկամական Իրանի համար…

Արմեն Պետրոսյան