ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Թրամփի՝ Իրանի դեմ գործողությունները սահմանափակող օրինագիծը

853

ԱՄՆ Կոնգրեսի ստորին`Ներկայացուցիչների պալատը քվեարկել է այն բանաձևի օգտին, որը կոչված է սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ:

Բանաձևին կողմ է քվեարկել 224 օրենսդիր և դեմ` 194-ը: Այս օրինագծով Ներկայացուցիչների պալատն Իրանի հետ հակամարտությունում կկարողանա վերահսկել Թրամփի գործողությունները:

Փաստաթուղթը, մասնավորապես, ԱՄՆ նախագահին արգելում է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ մինչ այն պահը, երբ Կոնգրեսը կհաստատի այն:

Նշենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Սոլեյմանիի սպանության համար: Հունվարի 8-ին ԻՀՊԿ-ն հայտարարել էր գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: