Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերություններում դրական միտումներ կան

105

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 7-ից 8-ը Եգիպտոսի և Թուրքիայի փոխարտգործնախարարների գլխավորած պատվիրակությունների միջև Անկարայում կայացած խորհրդակցությունների 2-րդ փուլի վերաբերյալ։


Նշվում է, որ կողմերը վերահաստատել են քննարկվող հարցերում առաջընթացի ապահովման ու հարաբերությունների կարգավորման համար հավելյալ քայլեր ձեռնարկելու իրենց ցանկությունը և համաձայնել խորհրդակցությունների շարունակմանը։
Եգիպտոսի արտաքին գործերի փոխնախարար Համդի Սանադ Լոզայի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է մեկնել սեպտեմբերի 7-ին։

Նրա այցին նախորդել էր այս տարվա մայիսին Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի պատվիրակության՝ Կահիրե կատարած երկօրյա այցը, որի ընթացքում կայացել էին մի շարք հանդիպումներ։

Համաձայն Եգիպտոսի ԱԳՆ-ի տարածած հայտարարության՝ երկու պետությունների պատվիրակությունները քննարկել են երկկողմ մի շարք խնդիրներ, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ, որոնք խաթարում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Երկու կողմերը պայմանավորվել են շարունակել նման խորհրդակցությունները և վերահաստատել են իրենց ցանկությունը՝ գրանցել առաջընթաց երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում:


Իր հերթին Եգիպտոսի ԱԳ նախարար Սամիհ Շուքրին հաստատել է, որ Կահիրեն դրական է տրամադրված Թուրքայի հետ հարաբերությունների վերականգնման հարցում, միևնույն ժամանակ ընդգծելով, որ դեռևս կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:


«Կարծում եմ այժմ մենք պետք է վերլուծենք այս փուլի բանակցությունների արդյունքները երկկողմ հարաբերությունների համատեքստում»,- չորեքշաբի արմերիկյան Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Եգիպտոսի ԱԳ նախարար Շուքրին՝ ավելացնելով, որ «երբ մենք գոհ ենք այս խնդիրների լուծման բանաձևերից, ապա դա դուռ կբացի նոր առաջընթացի համար»: