Այս փուլում առաջնային ենք համարում եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների աներկբա իրականացումը. Զախարովա

170

Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում քննարկումներին՝ կապված երկրների միջև խաղաղ պայմանագրի կնքման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ցավոք, քաղաքական հարցերի շուրջ կողմերի միջև առկա են հիմնարար տարաձայնություններ: Ահա թե ինչու, այս փուլում, առաջնային ենք համարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների աներկբա  իրականացումը ամենաբարձր մակարդակով։ Եվ, իհարկե, առաջին հերթին դա վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանմանը, հումանիտար բարդ հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը»,- նշել է Զախարովան և ավելացրել․

«Մենք հույս ունենք, որ այս քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար»։

Զախարովան անդրադարձել է նաև Արցախում  ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությանը:

Նա ասել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում էական խախտումներ չեն արձանագրվել, ինչը հաստատվում է ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում: