Թուրքիայի նոր մարտավարությունը. դրական թայմ-աութ՝ նոր արկածախնդրություններին ընդառաջ

134

Շուրջ 1 տարի առաջ հատկապես Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում դրսևորած ակտիվության շրջափուլում Անկարան բախվեց միաժամանակ մի քանի տարածաշրջաններում իր հետ խնդրահարույց հարաբերություններ ունեցող մի շարք դերակատարների կողմից ոչ ֆորմալ հակաթուրքական ռազմաքաղաքական ձևաչափերի ստեղծման, անգամ արևմտյան դաշնակիցների դժգոհության, նախատինքի։


Նաև այդ պատճառով Թուրքիայի արկածախնդիր իշխանություններն առժամանակ դադարեցրին վերոնշյալ ուղղությամբ ապակայունացնող գործողությունները։ Բայց դրան հաջորդած ժամանակահատվածը հետևողական նախաձեռնողականությամբ նպատակային կերպով օգտագործում են իրենց միջերկրածովյան ծրագրերը ձախողած խաղացողների հետ առանձին հարաբերությունները վերականգնելու, հնարավոր ամենաբարձր մակարդակով առարկայական երկխոսության մեխանիզմներ ձևավորելու համար։ Վերջնանպատակը, բնականաբար, դեպի Արևելյան Միջերկրական վերադարձի հաջորդ՝ արդեն կանխատեսվող փորձի առավել անցնցում և հնարավորինս հաջողումն է։

Եգիպտոս, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Իսրայել, Ֆրանսիա, Հունաստան… ցանկում կարելի է ներառել նաև ոչ առաջնային գծում հանդես եկող մի շարք այլ երկրների ևս։ Բայց առաջնային թիրախում հենց վերոնշյալ խաղացողներն են, որոնց հետ տարբեր մակարդակի շփումներում տարբեր աստիճանի ձեռքբերումներ թուրքական իշխանություններին հաջողվել է արձանագրել։

Բացի վերոնշյալից, Թուրքիան զգալի ակտիվություն է դրսևորում մի շարք այլ տարածաշրջաններում ևս՝ Բալկաններ, Աֆղանստան, Հարավային Կովկաս (Հայաստան), որտեղ մոտեցումը ոչ թե հակամարտային, այլ առավելապես համագործակցային, դրական միջավայրում սեփական շահերի առաջմղումն է. ասել է թե՝ դրական շղարշով փաթեթավորված թայմ-աութ՝ արդեն իսկ կանխատեսվող նոր արկածախնդրություններին ընդառաջ։

Արմեն Պետրոսյան