Թուրքիայի հովանավորյալները Սիրիայում նոր ռազմական միավորում են ձևավորել

98


Սեպտեմբերի 9-ին «Սիրիայի ազգային բանակի» հինգ ամենամեծ խմբավորումները հայտարարել են, որ կազմելու են ռազմական նոր միավորում՝ «Սիրիայի ազատագրման ճակատ» անվամբ: Այն գործելու է «Սիրիայի ազգային բանակի» հովանու ներքո: Սիրիական լրատվամիջոցների համաձայն՝ այն ունենալու է 15 հազար մարտիկներ, իսկ թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զինյալների թիվը հասնելու է 20 հազարի:


Նշվել է, որ նոր կառույցը, համագործակցելով Թուրքիայի ԶՈՒ-երի հետ, գործունեություն է ծավալելու Սիրիայի հյուսիսային այն շրջաններում, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով անցել են թուրքական վերահսկողության տակ:


«Սիրիայի ազատագրման ճակատի» հրամանատարական խորհրդի ղեկավար Մուստաֆա Սիջրին հայտնել է, որ նորաստեղծ մարմնի նպատակն է լինելու «ազատագրված տարածքներում» բարելավել ընդհանուր իրավիճակը, վերահսկել անվտանգությունը, ամրապնդել պետական հաստատությունների դերը և ուժեղացնել սիրիական ժամանակավոր կառավարության ներկայությունը:


Նշենք, որ «Սիրիայի ազգային բանակը» ձևավորվել է Թուրքիայի կողմից հովանավորվող զինյալ խմբավորումներից և ամբողջապես գտնվում է Թուրքիայի վերահսկողության ներքո: