ԱՄՆ-ն ԼՂ կարգավիճակի հարցը որոշված չի համարում. դեսպան Թրեյսի

224

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չի համարում: Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման հնարավորությանը վերաբերող հարցը:

Դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահ, անում է ամենը, որպեսզի կողմերը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, քանի որ կարծում է, որ խաղաղության և անվտանգության այդ հիմնախնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով:

«Պետքարտուղար Բլինքենը տարբեր առիթներով շատ հստակ շարադրել է մեր այս հանձնառությունը: Դա, իհարկե, շատ բարդ խնդիր է: 30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը չի կարող հանգուցալուծվել մեկ գիշերվա ընթացքում: Այդուհանդերձ, մենք հասկանում ենք, որ կան որոշ հիմնախնդիրներ, որոնք պետք է լուծվեն, և դրանցից մեկը, ինչպես նախկինում եմ ասել, այն է, որ մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չենք համարում և, հետևաբար, կշարունակենք պահել այդ հարցը Մինսկի խմբի օրակարգում», — ասել է դեսպան Լին Թրեյսին: