Թուրքիան կլանում է Ադրբեջանը նաև ռազմական ոլորտում

149

Թուրքիան մեծացնում է Ադրբեջանում իր ռազմական ներկայացվածությունը: Ըստ թուրք-ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տեղ գտած լուրերի` Ադրբեջանում Թուրքիայի հատուկ հրամանատարական խումբ է ստեղծվել, որտեղ ծառայության են նշանակվել 4 թուրք գեներալներ: Գեներալ-մայոր Բահթիյար Էրսայը, գեներալ Աբդուլլահ Քաթըրջըն, գեներալ Էնդեր Գյուները նշանակվել են հատուկ խմբի հրամանատարության ղեկավար պաշտոններում: Զուգահեռաբար փոխվել է նաև Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդը: Նոր նշանակված կցորդը նույնպես բարձր ռազմական կոչում ունեցող զինվորական Զեքերիա Յալչընն է:

Հարկ է նշել, որ 4 գեներալների նշանակումն Ադրբեջանում  պայմանավորված չէ միայն թուրք-ադրբեջանական զարավարժությունների պարբերականությամբ, ինչը փորձում է ներկայացնել Բաքվի քարոզչամեքենան։ Ըստ էության, այս գործընթացը լիովին բնութագրում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների հետպատերազմյան տրամաբանությունը՝ Թուրքիան փորձում է հնարավորինս՝ նաև ռազմական ոլորտում կլանել Ադրբեջանը։ Վերոնշյալի համատեքստում, հաշվի առելով այդ նշանակումների իրողությունը և թուրք-ադրբեջանական զորավարժությունների բավականաչափ հագեցած օրակարգը՝ կարելի է ենթադրել, որ փորձ է արվում աստիճանաբար անցում է կատարել «1 ազգ, 1 բանակ» մոդելին: Ընդ որում՝ այն իրականացվում է 2 փուլով. ադրբեջանական բանակը մոտեցնել թուրքական բանակի մակարդակին, այնուհետև դարձնել վերջինի կցորդը:

Աստիճանաբար հաստատվում է այն վարկածը, որ բոլոր հնարավոր ուղղություններում Թուրքիայի սողացող մուտքը Ադրբեջան ռազմական ոլորտում ավարտվելու է ադրբեջանական բանակի կլանմամբ: Իսկ Թուրքիայի իշխանական վերնախավի հռետորաբանության մեջ «ղարաբաղյան հաղթանակի սեփականաշնորհման»  ձգտման ֆոնին ամեն օր հաղթանակի էյֆորիայով սնուցվող Ադրբեջանի հասարակությունը այդպես էլ չի զգում, թե ինչպես է կորցնում ինքնիշխանությունը, իսկ «մեկ ազգ, երկու պետությունը» կարգախոսը՝ դառնում «մեկ ազգ, մեկ պետություն»: