Եգիպտոսի նախագահն ու Իսրայելի վարչապետը առաջին անգամ հանդիպել են երկար տարիների դադարից հետո

110

Սեպտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ Էլ-Շելխ քաղաքում կայացել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենննեթի հանդիպումը:

Եգիպտոսի նախագահի գրասենյակը հայտնում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ։ Նշվել է, որ հանդիպմամբ հիմք է դրվել «հարաբերությունների հետագա խորացման գործընթացին»:

Իսրայելի վարչապետ Բեննեթը ընդգծել է, որ  Եգիպտոսը կարևոր դեր է խաղում Գազայի հատվածում կայունության և անվտանգության ապահովման համար:

Իր հերթին Սիսին հայտնել է, որ Եգիպտոսը աջակցում է Մերձավոր Արևելքում համապարփակ խաղաղության հաստատման բոլոր ջանքերին՝ «երկու պետություն» սկզբունքի հիման վրա:

Համաձայն իսրայելական լրատվամիջոցների՝ այս հանդիպումը առաջին հրապարակային հանդիպումն էր վերջին տասնամյակում: Հանդիպմանը նաև ներկա էին երկու կողմերի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: