Ռուսաստանը պաշտպանելու է բոլորի կողմից ճանաչված ՀՀ սահմանները սեփականի պես. ռուս սենատոր

139

Ռուսաստանը պաշտպանելու է բոլորի կողմից ճանաչված ՀՀ սահմանները սեփականի պես՝ ելնելով ՀԱՊԿ–ում հանրապետության անդամակցությունից։ Այս մասին  հայտարարել է ՌԴ սենատոր, Դաշնային խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովը։

Կլիմովն արձագանքեց Sputnik Արմենիայի այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը նայում Ադրբեջանի և ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայի ակնհայտ մերձեցմանը։

Ըստ նրա, Ռուսաստանի ռազմական դոկտրինն այնպիսինն է, որ սեփական պետությունն ու իր դաշնակիցներին պաշտպանելով՝ երկիրը կարող է դիմակայել «միասին վերցված մնացած բոլորին», այլ ոչ միայն ՆԱՏՕ–ի անդամներից մեկին։ Եվ բոլոր նրանք, ում դա հետաքրքիր է, գիտեն այդ մասին, կարծում է ռուսաստանցի քաղաքական գործիչը։

Կլիմովը համոզված է, որ նման «ստուգումը» որևէ մեկի համար լավ ավարտ չի ունենա, գործընկերներն Անկարայում դա քաջ գիտակցում են։