Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ հատուկ զորավարժությունները

158

Սեպտեմբերի 12-ին Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Զորավարժությունների մեկնարկի համար տեղի է ունեցել բացման հատուկ  արարողություն։

«Երեք եղբայր – 2021» զորավարժությունների հիմնական նպատակը ստորաբաժանումների միջև փոխգործակցության բարելավումն է, ինչպես նաև խաղաղ և պատերազմական գործողություններին նախապատրաստվելը», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում: Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ջոկատայինները շարունակում են զորավարժությունները նաև Բերձորում (Լաչին):

Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զորավարժությունների ընթացքում զինվորականները հետախուզություն են իրականացնում բարդ տեղանքով վայրերում, ինչպես նաև պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերում և ոչնչացում:

Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 20-ը: