Իրանի համար օրակարգային է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը. ԻԻՀ դեսպանատուն

80

Իրանն ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձմանը: Այս մասին հայտնում են Հայաստանում ԻԻՀ դեսպանատնից:

«Իրանը հետամուտ կլինի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակներին»,– տեղեկացնում է Իրանի դեսպանատունը:

Դեսպանատնից նաև հայտնում են, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունում հարևանների հետ հարաբերություններն արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից են:

«Հետևաբար, Թեհրանն ընդլայնելու է հարաբերությունները բոլոր հարևան երկրների հետ՝ հավասարակշռված, բայց գերակա առաջնահերթությամբ: Իրանը փորձում է իր կարողություններն օգտագործել բոլոր հարևանների մասնակցությամբ տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար: Ըստ այդմ՝ օրակարգային է հատկապես բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ճանապարհին խոչընդոտների ու խնդիրների վերացումը»,–նշում են դեսպանությունից։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն սեպտեմբերի 12-ին տեղեկացրել էր,  որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարները փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար: