Իբրահիմ Ռաիսին հուսով է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամկետում լավ և դրական քայլեր կիրականացվեն

163

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Տաջիկստանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել են երկկողմ հարաբերություններին և կարևորել երկու երկրների կառավարությունների ներդաշնակ գործելու հնարավորությունները:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

«Մեր գործունեությունը մեկնարկել է նույն ժամանակահատվածում։ Կարծում եմ, որ դա նրբություն է, որը հնարավորություն է ստեղծում հստակ ներդաշնակել մեր գործողությունները, մասնավորապես, մեր երկու երկրների և տարածաշրջանային հարաբերությունները»,- Ռաիսիի հետ հանդիպմանն ասաց Փաշինյանը։

Իրանի նախագահն էլ իր հերթին շնորհավորել է ՀՀ վարչապետին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Ուրախ եմ Ձեզ հետ հանդիպել։ Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել վարչապետի պաշտոնում  ընտրվելու կապակցությամբ։ Հուսով եմ՝ պաշտոնավարման նոր ժամկետում լավ և դրական քայլեր կիրականացվեն»,- ասաց Ռաիսին։