ՀՀ կառավարությունից ակնկալում ենք, որ Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի և իրանցի վարորդները բեռնափոխադրումները անվտանգ կիրականացնեն. Իրանի դեսպան

280

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո ձեռք է բերվել եռակողմ խաղաղության համաձայնություն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։ Դրանից հետո բանակցություններ են սկսվել սահմանազատման վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց  ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

«Խորհրդային միության քարտեզների համաձայն Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել, որ մինչև սահմանազատման գործընթացի սկսվելը փոխադրամիջոցները անվտանգ երթևեկեն»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ «Գորիս Կապան ճանապարհին Ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին, որպես մաքսատուրք որոշակի գումարներ են գանձում իրանցի վարորդներից»։

Զոհուրին նշել է, որ ադրբեջանցիները օտարերկրյա տրանսպորտային միջոցներից մուտքի ու ելքի համար գանձում են ճանապարհային հարկ։

«Իրանական կողմը, այդ թվում՝ դեսպանատունը ջանքեր է գործադրում որքան շուտ այս հարցը լուծել, և Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք, որ այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի և իրանցի վարորդները բեռնափոխադրումները այս ճանապարհով անվտանգ և ապահով պայմաններում կիրականացնեն»,- ընդգծել է դեսպանը։