Իրանցի հոգևորականը կոչ է արել ուժ ցուցադրել ադրբեջանա-թուրքական տանդեմին

163

Իրանի Արդեբիլ քաղաքի իմամ-ջումա այաթոլլա Սեյիդ Հասան Ամելին կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանին և Թուրքիային: Ըստ նրա՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պետք է իր ուժը ցուցադրի հարևան պետություններին` Ադրբեջանին և Թուրքիային:

«Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի զորավարժություններ անցկացնելու իր տարածքում և իրավունք ունի այլ պետությունների հրավիրելու դրանց մասնակցելու: Բայց այստեղ կա մի նրբություն, որը մենք չենք կարող անտեսել: Այս նրբությունը կապված է թուրքական Yeni Şafak թերթի հետ, որն արտացոլում է Թուրքիայի կարծիքը` նույնիսկ այս երկրի ղեկավարի կարծիքը: Այս թերթը տպագրել է ադրբեջանցի պատգամավորի հետ հարցազրույց, որում նա ասել է, թե Իրանն անհետանում է աշխարհի քարտեզից: Եվ եթե այժմ ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան չեն ցանկանում բարիդրացիական հարաբերություններ, ապա ես խնդրում եմ Ազգային անվտանգության խորհրդին՝ թույլատրել մեր ԻՀՊԿ-ին՝ ցույց տալ Իրանի հզորությունը սահմանի այս կողմում»,- կոչ է արել Ամելին՝ ակնարկելով, որ իրանական զինված ուժերը զորավարժություններ կանցկացնեն՝ ուժի ցուցադրման համար:

«Անհրաժեշտ է, որ ԻՀՊԿ-ն ցույց տա, որ նրանք չպետք է խաղան առյուծի պոչի հետ»,- ասել է այաթոլլան:

«Եթե դուք՝ ադրբեջանցիներդ, ցանկանում եք Իսրայելից գումար վերցնել, գնացե՛ք, վերցրե՛ք, թող Աստված ընդունի: Ես գիտեմ, որ Իսրայելի դեսպանը լսում է իմ խոսքերը, ես ուզում եմ նրան ասել, որ նա պետք է նրանց լավ գումար վճարի: Քանի որ նրանք ձեզ վաճառել են իրենց արժանապատվությունը, պատիվը, ազատությունը և արմատները: Հոգ տարեք նրանց մասին, նրանք՝ ադրբեջանցիները, աղքատ են»,- եզրափակել է Ամելին: