Լիբանանի նորաստեղծ կառավարությունը ստացավ խորհրդարանի վստահության քվեն

91

Սեպտեմբերի 21-ին Լիբանանի խորհրդարանը 85 կողմ, 15դեմ ձայնով վստահության քվե շնորհեց վարչապետ Նաջիբ Միկաթիի նորաստեղծ կառավարությանը: Այս մասին հաղորդում են լիբանանյան ԶԼՄ-ները:

Համաձայն աղբյուրի՝ վարչապետ Միկաթին, ով պաշտոնավարում է երրորդ անգամ, հայտարարել է, որ նոր կառավարությունը շարունակելու է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցություններ վարելը և վերահսկելու է հաջորդ տարի մայիսին անցկացվող  խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

Հիշեցնենք, որ ավելի քան 13 ամսվա քաղաքական փակուղուց հետո Լիբանանում 24 անդամներից կազմված նոր կառավարությունը ձևավորվել է սեպտեմբերի 10-ին: Վարչապետ Միկաթիի կառավարությունը հանձնառել է երկիրը հանել տնտեսական ճգնաժամից, որը Համաշխարհային բանկի դիտարկմամբ երկրագնդի վատթարագույն ճգնաժամերից մեկն է: