Սիրիայի ԱԳ նախարարը և Լավրովը հանդիպել են Նյու Յորքում

260

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ընթացքում կայացել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադի և ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին հաղորդում է սիրիական SANA լրատվական կայքը:


Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունները ամրապնդելու և զարգացնելու հնարավորությունները և՛ քաղաքական, և՛ տնտեսական մակարդակներում:


Լավրովը և Միկդադն անդրադարձել են նաև Սիրիայում տիրող ներկայիս իրավիճակին, որտեղ կողմերը շեշտել են ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ վերջ տալու Սիրիայում օտարերկրյա ներկայությանը:


Ինչպես հաղորդում է լրատվականը՝ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ հիմնված Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը հարգելու սկզբունքների վրա:


Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սեպտեմբերի 14-ին մեկնել էր Մոսկվա նախապես չհայտարարված այցով: Սիրիայի ԱԳՆ-ը այդ այցը համարել է «շատ կարևոր»: