Իրանցի պատգամավոր. «Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառության ճանապարհը սահմանափակելը ճիշտ քայլ չէ»

224

«Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի զորավարժությունը մտահոգիչ է», -այս մասին հայտնել է  Իրանի խորհրդարանի պատգամավոր Ֆադահոսեյն Մալեքին:

Մեկնաբանելով Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի իրականացրած համատեղ եռակողմ զորավարժությունները՝ նա նշել է, որ «բարեկամ և եղբայրական Ադրբեջանից Իրանն այլ ակնկալիքներ ունի: Բաքուն պետք է զգույշ լինի իր գործողություններում, քանի որ սիոնիստական   ռեժիմի նման այլախոհները ձգտում են խախտել տարածաշրջանի հավասարակշռությունը:  Պակիստանից ու Թուրքիայից էլ ակնկալում ենք՝ իրենց գործողությունները համաձայնեցնել Իրանի կարծիքի հետ»:

Նա նաև անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի սանձազերծած գործողություններին:

«Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառության ճանապարհը սահմանափակելը ճիշտ քայլ չէ:  Հայաստանն անկախ երկիր է, և Իրանն էլ տարածաշրջանի երկրների հետ առևտրաշրջանառություն ունի»,- շեշտել է իրանցի պատգամավորը:

Նա զգուշացրել է, որ Իրանը հետևել  է ինչպես «զորավարժությանը, այնպես էլ հետևելու է սահմաններից այն կողմ տեղի ունեցող ցանկացած զարգացման»:

«Բաքուն պետք է վերանայի իր վերջին գործողությունները, որպեսզի առիթ չստեղծի այն երկրների համար, որոնք ջանում են խնդիրներ ստեղծել տարածաշրջանում: Դա առաջին հերթին գլխացավանք է ստեղծելու Բաքվի համար»,- եզրափակել է պատգամավորը: