Պուտին-Էրդողան հանդիպման հրապարակային հատվածը բավականաչափ լարված էր

528

Որոշ մակերեսային դիտարկումներ Պուտին-Էրդողան հանդիպման հրապարակային հատվածի վերաբերյալ.

1. Հանդիպման մթնոլորտը, ինչպես հիմնականում բնորոշ է ռուս-թուրքական բանակցություններին, բավականաչափ լարված էր, որի մասին հավաստում են նաև 2 նախագահների ժեստերը, հռետորաբանությունը։ Մասնավորապես, կարելի է ընդգծել հաճախ «հայացքները փախցնելու» իրողությունը, բառերի, արտահայտությունների առանձնահատուկ ընտրության հանգամանքը, հատկապես ոտքերի շարժումներից նկատվող անհանգստությունը։

2. Հնչեցված ելույթներն արարողակարգային էին, բայց և այնպես, թույլ են տալիս կանխատեսելու քննարկվող թեմաները՝ ըստ առաջնահերթությունների՝ Սիրիա, տնտեսական հարցեր (էներգակիրներ, С-400 համակարգեր, տուրիզմ), Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ, Աֆղանստան, Լիբիա…

3. Հանդիպման արագ նախաձեռնումը Թուրքիայի տեսանկյունից 2 առանցքային նպատակ էր հետապնդում՝
ա. Կանխել 2020թ. սկզբին արձանագրված ռազմական լարվածությունը Սիրիայի հյուսիս-Արևմուտքում՝ հատկապես Իդլիբում, երբ Անկարան զիջեց ազդեցության գոտի համարվող զգալի տարածքներ, և էականորեն սրվեցին Թուրքիայի և Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի միջև հարաբերությունները։
բ. С-400-ների թեմայի շահարկմամբ՝ նախազգուշացնող ազդակներ հղել դեպի Արևմուտք, մասնավորապես ԱՄՆ-ին՝ ի պատասխան այնտեղից Թուրքիայի ուղղությամբ ստացվող «արհամարհական դրսևորումների»։

Արմեն Պետրոսյան