Վրաստանի և ՆԱՏՕ-ի նավերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում

123

Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության նավերը և ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խումբը (SNMCMG2) համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում: Այս մասին հոկտեմբերի 5-ին հայտնել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Դա օգնում է Վրաստանի առափնյա պահպանությանը ավելի լավ ծանոթանալ ՆԱՏՕ-ի դոկտրիններին, հայեցակարգերին, ընթացակարգերին և ձեռք բերել ծովային գործողություններում լավագույն փորձ»,-մամուլի ծառայությունը մեջբերել է ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խմբի շտաբի պետ Ալեսիո Դի Ստեֆանոյի խոսքը:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խումբը (SNMCMG2) Վրաստանում է գտնվում սեպտեմբերի 28-ից: Դրա կազմում ընդգրկված են Իսպանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի նավերը։ Սա ՆԱՏՕ-ի նավերի արդեն չորրորդ այցն է ընթացիկ տարում։