Վրաստանում մեկնարկելու է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը

118

Հոկտեմբերի 7-8-ը Վրաստանում չորրորդ անգամ անցկացվելու է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը` նոր նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրագույն ռազմական մարմնի պաշտոնական այցը Վրաստան վերահաստատում է ՆԱՏՕ-ի հաստատուն աջակցությունը երկրի  ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ձգտումներին: 

Համաձայն աղբյուրի՝ նախատեսվում են ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի բարձր մակարդակի երկկողմ հանդիպումները Վրաստանի վարչապետի և պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որտեղ կքննարկվեն ոլորտի ընթացիկ բարեփոխումները և ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության հեռանկարները: 

Վրաստանի մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի լիագումար նիստում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր ռազմական մարմնի ներկայացուցիչները մանրամասն կծանոթանան տարածաշրջանի անվտանգությանը և երկրի առջև ծառացած մարտահրավերներին: Համատեղ նիստում կքննարկվեն պաշտպանության ուժերի փոխակերպման գործընթացը, ՆԱՏՕ-Վրաստան ռազմական համագործակցության նշանակությունը և ապագա առաջնահերթությունները, ներառյալ Սև ծովի անվտանգության ամրապնդման քաղաքականությունը: