Աղբյուր. Ադրբեջանում տեղակայվել են Իսրայելի ԶՈՒ-ին պատկանող F-35 կործանիչներ

250

Իսրայելական առաջատար երկու F-35 անտեսանելի կործանիչ «մշտապես տեղակայվել է» Ադրբեջանում, հայտնում է բրիտանական արաբալեզու Elaph լրատվական կայքը՝ վկայակոչելով Իսրայելի բարձրաստիճան իր աղբյուրին:

Հոկտեմբերի 2-ին հրապարակված տեղեկությունը հաղորդվել է Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության աճի ֆոնին, երբ Թեհրանը հանդես է եկել Բաքվի հասցեին մի քանի քողարկված սպառնալիքներով և մեղադրել նրան իսրայելական զորքեր տեղակայելու մեջ:

F-35-ը «սթելս» տեխնոլոգիայով ամերիկյան արտադրության հինգերորդ սերնդի բազմաթիրախային կործանիչ է՝ շատ ավելի բարդ, քան որևէ օդանավ, որն ունի Իրանը կամ Ադրբեջանը։

Հոկտեմբերի 2-ին Իրանը լայնածավալ զորավարժություններ անցկացրեց երկրի հյուսիսում՝ Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու։ Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանը նույն օրը տեղական մի լրատվամիջոցի ասաց, որ Ադրբեջանում «սիոնիստներ» կային իրանա-ադրբեջանական սահմանին մոտենալու «ահաբեկչական խմբավորումների անհաջող փորձերի ժամանակ»։

«Նրանք, ովքեր փոս են փորում իրենց եղբայրների համար, առաջինը իրենք են ընկնում մեջը»,- Թվիթերում գրել էր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հաջորդ օրը:

Elaph-ի աղբյուրը հայտնել է, որ Իսրայելը պատրաստ է օդային աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Իրանի միջև հակամարտության առաջացման դեպքում, և որ անհրաժեշտության դեպքում ավելի շատ կործանիչներ կարող են ուղարկվել Ադրբեջան:

Elaph-ը գտնվում է Մեծ Բրիտանիայում։ Այն հիմնադրել է սաուդյան հրատարակիչ և գործարար Օսման ալ Օմեյրը, սակայն կայքը Սաուդյան Արաբիայում և արաբական մի շարք երկրներում արգելափակված է։ Հեղինակը՝ Մաջդի Ալ-Հալաբին, իսրայելցի հայտնի դրուզ լրագրող է, որն նախկինում հարցազրույցներ է վերցրել Իսրայելի բարձրաստիճան քաղաքական գործիչներից:

Հանդուգն Ադրբեջան

Բաքուն հանդուգն արձագանքեց Թեհրանի հայտարարություններին։ Հոկտեմբերի 4-ին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «ոչ ոքի թույլ չի տա անհիմն զրպարտել» իրենց:

«Թող աչքերը բացեն ու տեսնեն։ Որտե՞ղ են նրանք այստեղ Իսրայել տեսել»,- հայտարարեց նա Իրանի սահմանից ոչ հեռու Ջեբրայիլի տարածաշրջան կատարած այցի ժամանակ։

Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանը փակեց Ադրբեջանում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի ներկայացուցիչ Օջաղ Նեկատի գրասենյակը Բաքվում՝ իբր COVID-19-ի անվտանգության նկատառումներով։ ։

Երկու երկրների հարաբերություններում լարվածությունը սրվել է այն պահից, երբ Ադրբեջանը սկսեց կանգնեցնել և մաքսավճարներ գանձել իրանական բեռնատարներից, որոնք անցնում են Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածներով:

Ադրբեջանն իր վերահսկողության տակ է վերցրել հայ-ադրբեջանական միջազգայնորեն ճանաչված սահմանը հատող մոտ 20 կմ ճանապարհը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Ադրբեջանի իշխանությունները բեռնատարների վարորդներին մեղադրել են Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու մեջ։

Սա առաջին դեպքը չէ, երբ հաղորդվում է Ադրբեջանում իսրայելական ինքնաթիռների առկայության մասին։ 2012-ին Foreign Policy հանդեսը մեջբերել էր ամերիկացի չորս բարձրաստիճան դիվանագետների և ռազմական հետախուզության սպաների, որոնք հայտարարել էին, որ ԱՄՆ-ի համոզմամբ՝ Իսրայելը հասանելիություն է ստացել Ադրբեջանի ավիաբազային:

2020-ի հուլիսին Ադրբեջանը հերքեց պնդումները, որ իր օդային տարածքն օգտագործվել է իրանական միջուկային օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման համար:

Իսրայելի պաշտոնյաները հաճախ են հայտարարում, որ կխափանեն միջուկային ռումբ ստեղծելու Իրանի որևէ փորձ։ Իրանցի մի շարք միջուկային գիտնականների սպանություններն ու իրանական կասկածելի միջուկային օբյեկտների վրա կիբեր-հարձակումները շատերը վերագրում են Իսրայելին։

Իսրայելն ու Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունեն․ Իսրայելը Ադրբեջանին միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա է վաճառում, այդ թվում՝ ժամանակակից անօդաչու թռչող սարքեր։

2009-ին Վիկիլիքս արտահոսած ԱՄՆ դեսպանատան ճեպագրում հաղորդվում էր, որ երկու երկրները շատ ավելի սերտ հարաբերություններ ունեն, քան հրապարակայնորեն դա ցույց են տալիս։  Ճեպագիրը մեջբերում էր նախագահ Ալիևին, որն այդ հարաբերությունները նկարագրել էր «ինչպես սառցաբեկոր, որի 9/10-րդ մասը ջրի տակ է»: Հեռագրում ասվում էր, որ «երկու երկրներն էլ Իրանը դիտարկում են որպես «անվտանգության գոյութենական սպառնալիք»:

Ռոբին Ֆաբրո, OC Media